Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ հարաբերությունների կարգավորման այսօրվա կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև հարցը դիտարկում են փաթեթի մեջ. «Համաձայնեք՝ երկու անկախ երկրների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի գործողություններին՝ Փաշինյանն ընդգծեց, որ մենք պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ. «Ակնհայտ է, որ Էրդողանի քաղաքական քայլերը և գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան այդ ոլորտում իր դիրքորոշումը կփոխի: Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք, և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք կոնկրետ փաստով հիմնավորված չեն»,-ասաց նա: