Այսօր լրանում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը։ Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 2-ի «դավադրության» արդյունքում ընդունված օրենքի նախագծին, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվում խորհրդարանի արձակումը կանխելու համար։ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, կա՛մ դրա սահմանադրականությունը վիճարկի ՍԴ-ում։ Իսկ եթե ոչ մեկն անի, ոչ մյուսը, օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի։
 
Նախագահի՝ վերջին շրջանում արած հայտարարությունները և նրա դիրքավորումը քաղաքաան դաշտում հուշում են, որ Սարգսյանը չի պատրաստվում հարված հասցնել Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրելով վերոնշյալ օրենքը: Մյուս կողմից, ոչ պակաս վտանգավոր է այն ՍԴ ուղարկելը, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանն այս պահին հին համակարգինն է, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանինը: Թովմասյանն իր կարիերային թռիչքով պարտական է Սերժ Սարգսյանին և ոչ թե Փաշինյանին: Բացի այդ, պետք չէ մոռանալ Հրայր Թովմասյան-Դավիթ Հարությունյան՝ երկար տարիներ ձգվող մրցակցության մասին: Հարությունյանն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքը լինի հնարավորինս նախկին համակարգի ոգուն և ժանրին հարիր, այժմ եկել է Թովմասյանի գործելու հերթը, և կասկած անգամ չկա, որ օրենքի՝ Սահմանադրական դատարանում հայտնվելը էականորեն կխոչընդոտի Փաշինյանի ծրագրերին:
 
Հասկանալի է, որ ՍԴ-ն օրերով շրջափակված չես պահի, վարչապետը դրա ժամանակն էլ չունի, բացի այդ՝ ցանկացած ոտնձգություն սահմանադրական վերին ատյանի նկատմամբ՝ շատ արագ միջազգային հարթակում կշրջեն Նիկոլ Փաշինյանի դեմ: Այսպիսով, Արմեն Սարգսյանից այս պահին գործնականում շատ քիչ բան է կախված, նրա գործողությունները պարզապես կարող են լավ ազդակ դառնալ իշխանությունների համար՝ հասկանալու՝ ի վերջո որ համակարգին է հարում Սարգսյանը՝ հի՞ն, թե՞ նոր: Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ՀՀ նախագահի աթոռին տեսնել իր թեկնածուին, շրջանառվում է անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: Այս տեսանկյունից Արմեն Սարգսյանը թե՛ Փաշինյանին, թե՛ հանրությանը ապացուցելու շատ բան ունի…
 
 
Ս.Խաչատրյան