«Օրենքն արգելում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին, ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, հստակ է՝ օրենքն արգելում է դրանց ներկրումը որպես տրանսպորտային միջոց: Հարցին՝ թե քննարկվե՞լ է ԵԱՏՄ գործընկերների հետ արգելքը ժամանակավոր բացառություն անելու տարբերակ, նախարարը պատասխանեց․ «Հարցը ԵԱՏՄ-ի տիրույթում չէ, հարցը Հայաստանի Հանրապետության օրենքների տիրույթում է և այդ օրենքը ընդունվել է Ազգային ժողովի կողմից»։
Նախարարն ասաց, որ վաղվանից քննարկում է սկսվելու օրենքը փոխելու մասին և այդ քննարկմանը մասնակցելու են և′ պետական գերատեսչությունները, և′ հասարակական կազմակերպությունները, և′ այդ առևտրով զբաղվող տվյալ խմբի անդամները, ովքեր ցանկանում են գումար աշխատել աջ ղեկով մեքենաներ ներմուծելով։