ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հերքել է որոշ լրատվամիջոցներով վերջին օրերին տարածված այն տեղեկատվությունը, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, և այդ ճանապարհահատվածում կան բքի մեջ արգելափակված տասնյակ մեքենաներ: Նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Սոթք-Քարվաճառ ճանապարհը, որը սպասարկում է «Կապավոր» ընկերությունը, վերջին օրերին չի փակվել. այն եղել է միայն դժվարանցանելի և որևէ պահի չի փակվել: Ավելին, այդ ճանապարհահատվածում բքի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցներ չեն եղել, ներկայումս էլ չկան։

 

Տեղեկացնում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկատվություն իրավասու է տրամադրել բացառապես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, քանի որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական կազմակերպություններն աշխատում են նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ»։