Դեկտեմբերի 25-ի գիշերվա ընթացքում տեղացած ձյան, բքի եւ ձեւավորված մերկասառույցի պատճառով անանցանելի վիճակ է առաջացել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից, դեկտեմբերի 25-ի գիշերվա ընթացքում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել է 50 ավտոմեքենա, որոնց դուրս բերելու համար փրկարարական գործողություններ են ձեռնարկել մարզի փրկարարները՝ համագործակցելով «Կապավոր» ՍՏԸ Վարդենիսի տեղամասի ճանապարհաշինարարների հետ:
«Դեկտեմբերի 25-ի ժամը 11-ի դրությամբ փրկարարներն ու ճանապարհաշինարարները համատեղ ուժերով արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա, մնացած մեքենաները դուրս բերելու ուղղությամբ էլ տարվում են համապատասխան աշխատանքներ»,-ներկայացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից: