Մարտի առաջին օրերից սկսած' Գեղարքունիքի մարզում գրանցվում են ուժեղ քամիներ, որոնք, սակայն, չեն դժվարացնում ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունում, բոլոր ճանապարհները, նույնիսկ ուժեղ քամիների պարագայում, մնում են բաց եւ անցանելի, քանի որ քամիները չեն ուղեկցվում ձյան տեղումներով ու բքերով, իսկ բնակավայրերին մոտիկ կամ լեռներում պահպանված որոշակի ձնածածկույթը ցերեկը հալվող ու թաց է, գիշերը' սառցակալած:
Որոշակի դժվարություն վերջին օրերին առաջանում է միայն Սոթք-Քարվաճառ ճանապարհին, որտեղ ցերեկը հալված ձյունը գիշերային ցրտերի ազդեցությամբ դառնում է մերկասառույց' մեքենաների արգելափակումների պատճառ դառնալով: Վերջին երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունը Սոթք-Քարվաճառ ճանապարհին գիշերային ժամերին արգելափակումից դուրս է բերել 50 ավտոմեքենա: