Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 12-ին, ժամը 09:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սոթք-Քարվաճառի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 10:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Վարդենյաց լեռնանցքի հենակետից մեկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու մարտական հաշվարկ:

Մինչ ժամը 20:20-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղևորով, հենակետ է տեղափոխվել մոտ 200 քաղաքացի:

Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներին ներգրավվել է Սոթքի ոսկու հանքի 2 միավոր տեխնիկա: