ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով: ԱԺ արտահերթ նիստում նման ռեժիմով քննարկման համար կողմ քվեարկեց 54, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
«Հաշվի առնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մատնանշած ժամկետները և Նիկոլ Փաշինյանի ու մեր կուսակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի միջև կնքված հուշագրի բովանդակությունը՝ մենք վերահաստատում են մեր դիրքորոշումը՝ ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունել այն ժամկետում, որ չխախտվեն սահմանված ժամկետները»,-ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու խնդրեց քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով:
Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե հուշագիրն ինչ կապ ուներ դրա հետ:
Պետրոսյանը պատասխանեց՝ իրենց դաշինքն այն դաշինքն էր, որը առաջին անգամ չընդունելուց հետո նախաձեռնեց արտահերթ նիստ հրավիրելը և ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ բերելը:
Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցությանպատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն:
Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր: