Հանրապետության շրջանների մեծ մասում դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում' ձյուն: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

 

Երևանում՝դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրև: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ձյան տեղումներին զուգահեռ «Սանիթեք» ընկերությունն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով: Դեկտեմբերի 1-ին, կանխատեսվող ձյան տեղումներին զուգահեռ ընկերությունն իրականացնելու է ձնամաքրման աշխատանքներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժը նախ և առաջ կենտրոնական փողոցներում, այնուհետև նաև երկրորդական փողոցներում և բակերում:

 

Բոլորովին նոր մեքենասարքավորումներով համալրված տեխնիկական կազմը՝ նախատեսված ձնամաքրման աշխատանքներն օպերատիվ և որակյալ կազմակերպելու համար, ինչպես նաև 400-ից ավելի աշխատակիցներ կազմ ու պատրաստ են աշխատելու ձյան տեղումների պայմաններում 24-ժամյա գրաֆիկով:

 

Պահեստավորված է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար: Տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել 33-ից ավելի մեքենա-սարքավորումները 24 ժամ: Ընկերությունը հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին հնարավորության սահմաններում մասնակից լինել հատկապես բակերի ձյան մաքրման աշխատանքներին կամ պարզապես օգնել «Սանիթեքի» թիմին՝ որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարելով թեժ գծի՝ 80-90 հեռախոսահամարին, գրելով «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում կամ զանգահարելով ընկերության հաղորդակցական թիմին 099 58 80 90 հեռախոսահամարով: «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներին ձնամաքրման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև որոշ փողոցներում ձնամաքրման աշխատանքների ժամային գրաֆիկի մասին: