Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ այսօր Հայաստանի տնտեսության մեջ ոչ մի բացասական գործընթաց տեղի չի ունենում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նման պնդում արեց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: «Այսօր Հայաստանի տնտեսության մեջ հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ, հստակ տեղի են ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մենք սկսել ենք ագրարային երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը, բայց այն, ինչ տեղի է ունենում, նախանշաններ են: Մենք չենք կարող ամեն ինչ թողնել իներցիայի հույսին, և պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք ու կոնկրետ գործիքներ կիրառենք»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա շեշտեց, որ առաջին գործիքը, որը կիրառելու են, ներդրումների խրախուսումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունի պայքարը կոռուպցիայի դեմ, մենաշնորհային կարգավիճակների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի նկատմամբ վստահության բարձրացումը և երկրի դրական իմիջը. «Այս բոլոր ուղղություններով մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Շատ կարևոր է ներդրումների և սեփականության անձեռնմխելիությունը: Ես շատ հստակ ասացի և կրկնում եմ մեր քաղաքական կամքը Հայաստանում չիրականացնելու և թույլ չտալու սեփականության վերաբաշխում, որովհետև սեփականության վերաբաշխումը իր հետ միշտ բերում է բացասական գործընթացներ: Չի կարելի ներդրումներ ակնկալել մի միջավայրում, որտեղ կառավարությունը կարող է գնալ և խլել ինչ-որ մեկից ինչ-որ ունեցվածք և որոշել, որ այդ ունեցվածքը պետք է անցնի որևէ այլ մեկին: Մենք պետք է բացառենք որևէ իրավիճակ, երբ որևէ ներդրողի գլխին կհայտնվեն ինչ-որ տանիքներ, փայ մտնողներ, պայմաններ դնողներ: Ես նորից եմ ասում՝ այս հարցում ակնկալում եմ բոլոր տնտեսավարողների և քաղաքացիների աջակցությունը»,- մանրամասնեց Փաշինյանը:Փաշինյանի խոսքով՝ կառավարության հաջորդ պարտավորությունը բարձր կարգի ենթակառուցվածքների ապահովումն է: Նա շեշտեց, որ այսօր ՀՀ-ում ավտոճանապարհները գտնվում են սարսափելի վատ վիճակում: «Այո, կառավարությունը գիտակցում է, որ դա իր կոնկրետ պարտավորությունն է՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, և մենք, այո, ստանձնում ենք այդ պարտավորությունը: Ուզում եմ ասել, որ մենք այս տարի, ընդհանուր առմամբ, շատ ավելի մեծ աշխատանք ենք կատարել ճանապարհների վերականգման առումով, քան նախատեսված էր 2018թ. բյուջեով: Մենք երկնիշ ցուցանիշներով գերակատարել ենք նախատեսված պլանը»,- նշեց նա:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի արդյունավետ և օբյեկտիվ սակագին ունենալու և հասանելիության անհրաժեշտությանը: Նրա գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները բարդություններ չունենան էլեկտրաէներգիայի և գազի բաժանորդ դառնալու ճանապարհին: «Որքան էլ զարմանալի է, դա մինչև Հայաստանում լուրջ խնդիր է, և այդ խնդիրը շատ արագ հարկավոր է լուծել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում նաև ջրային ռեֆորմը Հայաստանի Հանրապետությունում: Նա շեշտեց, որ կապիտալ ամենամեծ ներդրումներից մեկը պետք է լինի ջրամբարների վերաբերյալ, ջրի կուտակման վերաբերյալ, ջրային ոռոգման ցանցի վերականգման վերաբերյալ: «Տեսեք, մենք երկար տարիներ շարունակ ուղղակի լուրջ դեմքով արձանագրում ենք, որ մեր ջրային համակարգում ընդհուպ մինչև 80 տոկոս կորուստ կա: Պատկերացնո՞ւմ եք, մեր որևէ ջրամբարից դուրս եկող ամեն 100 լիտր ջրից 80 լիտրը կորում է: Ու մենք չգիտենք, թե որտեղ է կորում՝ անուն դնելով , որ համակարգը մաշված է և այլն: Բայց մենք գիտենք, որ ունենք լուրջ խնդիրներ: Մենք ունենք խնդիր, որ մեր երկրում բնական ճանապարհով ձևավորվում է մեր ներքին պահանջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցող ջրային պաշարներ, բայց մենք ի վիճակի չենք լինում այդ ջրային պաշարները կուտակել, որովհետև չունենք համապատասխան ջրամբարներ բավարար քանակի: Եվ մենք ամեն տարի, ամեն անգամ գնում Սևանին ենք դիմում, ինչը շատ լուրջ տնտեսական, քաղաքական և բարոյական խնդիր է մեզ համար: Հիշում եք, որ օրենք ընդունվեց Սևան լճից ջրի բացթողումների վերաբերյալ: Խոսքը 40 միլիոն խորանարդ մետր հավելյալ ծավալի մասին է: Մենք այդ օրենքով նախատեսված ամբողջ ծավալը չենք օգտագործել, և բավականին մեծ խնայողություններ կարողացել ենք անել, ինչպես խոստացել ենք»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը: