«Վարույթն իրականացնող մարմինը 20 օր շարունակ փորձել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին ծանուցել նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին: Ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային առաքման, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների կողմից Արա Մինասյանի հաշվառման հասցե այցելություններ կատարելու, ընդհուպ մինչև վերջինիս կողմից լիազորված փաստաբանի միջոցով»,-այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով Մինասյանի պաշտպանների հայտարարությանը, թե վարույթն իրականացնող մարմինը երբևէ որևէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու և հարցաքննելու ուղղությամբ:
Նա նշեց նաև, որ փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին խնդրել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունն ապահովելու համար, իսկ նոյեմբերի 1-ին գրավոր դիմում է ներկայացրել առ այն, որ չի կարողացել կապ հաստատել Արա Մինասյանի հետ, տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրին մասին: Ուստի, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։Տռուզյանը պարզաբանեց՝ Արա Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ Արա Մինասյանի շահերի պաշտպանը դատարանին միջնորդել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունը միջնորդության քննարկմանն ապահովելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Մինչդեռ հաջորդ դատական նիստում պաշտպանը հայտնել է, որ հնարավոր չի եղել կապ հաստատել իր պաշտպանյալի հետ․ «Վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ դա նույնպես փաստում է, որ Արա Մինասյանը խուսափում է քննությունից: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ գնահատելով՝ քննիչը գտել է, որ կան բավարար հիմքեր՝ Ա.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար և կայացվել է համապատասխան դատավարական որոշում։ Նախաքննությունը շարունակվում է և քննություն է տարվում բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը հիմքեր ունի կարծելու, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի քննությանը։ Դատարանի որոշումն ստանալուց հետո կքննարկվի այն բողոքարկելու հարցը»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդականը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Արա Մինասյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, հայտարարվել էր հետախուզում։ Իսկ երեկ Առաջին ատյանի դատարանը մերժել է Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար:
Սոնա Հարությունյան