Լոռու մարզում նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։
Ըստ shamshyan.com -ի` քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր 27-ամյա Գոռ Մանուչարյանն է։ Նա ինքնասպանություն գործելու նպատակով խցում անհայտ առարկայով ինքնավնասում է արել, ապա սավանով կախվելու փորձ արել։Ըստ աղբյուրի՝ նրա ինքնասպանությունը կանխվել է բանտի անվտանգության աշխատակիցների և օրվա պատասխանատու հերթապահի շնորհիվ։
Մանուչարյանը կալանքի տակ է այս տարվա մայիսի 18-ից։ Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նա պատճառաբանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ հարուցված քրեական գործի հետ ունի անհամաձայնություն։
Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։