Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ, տեղեկատվական գրասենյակի վարիչ-պատասխանատու Հայր Պետրոս վարդապետ Մանուէլյանը:

Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեծ ցավով է իմացել Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի վթարի մասին: «Հայրապետն աղոթում է զոհված չորս երիտասարդ հայ զինվորների հոգիների համար և այս տխուր առիթով իր օրհնությունն ու ցավակցություններն է փոխանցում հայկական քաջ բանակին ու նահատակ զինվորների ընտանիքներին: Նորին Սրբությունը միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթում պատահարի հետևանքով վիրավորված զինծառայողներին»,- հայտնել է Պետրոս Մանուելյանը:

 

Վթարի հետևանքով մահացել է 4 ժամկետային զինծառայող: Մեքենայում գտնվել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8 զինծառայող ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։

N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: