Այսօր կարող է լուծվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ինտրիգը: Վերջակետ պետք է դնեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, որոնք պետք է Ղազախստանում որոշեն` ով ու որքան ժամանակով կդառնա ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար: «Եթե նրանք որոշեն հերթը փոխանցել Բելառուսին, ապա նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը»,- գրում է ռուսական Коммерсантъ-ը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, դիտարկվում է խնդրի լուծման երեք տարբերակ: Առաջինի համաձայն` մինչև 2020-ի մայիսը գլխավոր քարտուղարի պաշտոնում մնում է ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը` գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալը, երկրորդի համաձայն` այդ պաշտոնում նշանակվում է Բելառուսի ներկայացուցիչը, երրորդ տարբերակ` ՀՀ-ն պահպանում է այդ պաշտոնը: Երևանը պնդում է երրորդ տարբերակը:
«Ըստ հայկական կողմի, իր ներկայացուցիչն այդ պաշտոնում պետք է մնա մինչև 2020 թվականի մայիսը: Ամեն բան կախված կլինի Փաշինյանից»,- Коммерсантъ-ի հետ զրույցում նշել է գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցություններին մասնակցած դիվանագետը: