«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:
ԱԺՄ-ի տարածած հայտարարությունում ասվում է.
«ԱԺՄ կուսակցությունը 1991-2008 թթ. մեծ դերակատարում է ունեցել մեր պետության կյանքում: Այս տարիներին պարբերաբար ընտրակեղծիքների հետ բախվելու հետեւանքով կուսակցության դերակատարումը քաղաքական դաշտում հետզհետե նվազել է: Երբ հայտարարվեց 2019 թ. գարնան վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մեր կուսակցությունը որոշում կայացրեց անպայման մասնակցել, եւ մենք մեծ ոգեւորությամբ սկսեցինք քննարկումների փուլը:
Մենք նախատեսել էինք իրավիճակի կայունացումից հետո աշնան կեսերից մշակված քայլերի հերթականությամբ համալրել եւ զարգացնել մեր կուսակցությունը, լայն քննարկումների միջոցով թարմացնել մեր գաղափարական սկզբունքներն ու ծրագրերը՝ նախապատրաստվելով գարնան ընտրություններին:
Ցավով արձանագրում ենք, որ անսպասելիորեն եւ մեր կարծիքով՝ պետական եւ ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի գարնանը, այլ այս տարվա դեկտեմբեր ամսին:
Մենք, ինչպես եւ մի շարք այլ կուսակցութուններ, պատրաստ չենք եւ չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին: Նաեւ չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք այս ընտրությունները նպաստելու են Հայաստանում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը: Այս իրավիճակում հասարակությանը հնարավորություն չի տրվում ընտրություն կատարելու գաղափարների եւ ծրագրերի միջեւ, մասնակցելու մեր պետության, հասարակության ապագայի տեսլականի ձեւավորմանը:
Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում եւ տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը եւ զարգացմանը:
Մենք կգնանք այդ ճանապարհով:
Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է:
Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման եւ զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»: