Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մի քանի օր է` կրքերը չեն հանդարտվում՝ ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բողոքում են, թե կառավարությունը մտադրված է փակել հիվանդանոցը:

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ որոշվել է 30 մահճակալանոց հիվանդանոցը կրճատել, դարձնել նախ 15 մահճակալ, այնուհետև եղածն էլ տեղափոխել նոր կառուցված բժշկական կենտրոն:

 

«Այդ նոր ԲԿ-ն վաղը բացվելու է և մեր 15 մահճակալը տեղափոխվելու է այնտեղ: Ամենայն հավանականությամբ, մեր ինֆեկցիոնի տարածքն իրենց պետք է օգտագործման համար: Ամբողջ խնդիրն այն է, որ ինֆեկցիոն հիվանդությունները տանում են այլ բժշկական կենտրոն, որտեղ բուժվում են բոլորովին այլ հիվանդություններով երեխաներ, նորածիններ, ինչն ուղղակի անհամատեղելի է: Նրանք մեզ հետ չեն խորհրդակցում, որ բացատրենք նրանց այդ ամենի անհամատեղելիությունը, նրանք պարզապես չեն տիրապետում իրավիճակին»,-մանրամասնեց ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը:

Տնօրեն  Ռոբերտ Չիլինգարյանը պնդում է, որ կառավարությունն այսկերպ փորձում է կրճատումներ անել բյուջեն լցնելու համար, որպեսզի մարդկանց էլ ցույց տան, թե իրենց գործն արդար է: Ըստ Չիլինգարյանի՝ նա այսօր հանդիպելու է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝  խնդիրը քննարկելու և դրա լուծման ճանապարհները գտնելու համար:

Նշենք, որ խնդրին անդրադարձել է նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ընդգծելով, որ Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ։ Թորոսյանի խոսքով` քննարկվում է միայն այդ ծառայության՝ ավելի բարվոք շենքային պայմաններ տեղափոխելու հարցը, ինչն, իր կարծիքով, պետք է ուրախացնի անձնակազմին և պացիենտներին։ 

Արմինե Միքայելյան