«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրեցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները Հայաստանի Հանրապետության զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով Հայաստանում իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների համար այս կարևորագույն փուլում անհրաժեշտ է քաղաքական և հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների բացառիկ դերն ու նշանակությունն այս տարվա ապրիլից սկսված փոփոխությունները իրենց վերջնական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին՝ ձևավորելով «Մենք» դաշինքը», համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կայացնել կոնսենսուսով, մեր առաջ քաշած կենսունակ և իրավական ծրագրերի միջոցով իրականություն դարձնել արևմտյան ժողովրդավարության, իրավական պետություն, ազատական շուկայական տնտեսություն, կայուն քաղաքացիական հասարակություն, անվտանգության ժամանակակից և մրցունակ համակարգեր և երջանիկ ու բարեկեցիկ քաղաքացի ունենալու երազանքը: Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեր գերագույն արժեքն են, և մենք պետք է իրացնենք այդ փոփոխությունները, որոնք ՀՀ զարգացման և արդիականացման գրավականը կլինեն, կբերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակի իրական և շոշափելի փոփոխության: Մենք՝ հանուն փոփոխությունների, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հանուն Հայաստանի Հանրապետության» ասված է հուշագրում: