«Հանրապետություն» կուսակցությունը, որը 2008թ.-ից մինչև 2012թ. մայիս «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մաս է կազմել, չի մասնակցի մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից անցկացվելիք հանրահավաքին ու երթին: Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել: «Դրա վերաբերյալ դեռևս ոչ մի դիրքորոշում չունենք, հարցը դեռևս չի քննարկվել: Կքննարկենք, կձևավորենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը փետրվարի 5-ի իր համարում գրել էր, որ ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնել' ի հիշատակ 2008 թվականի «Մարտի 1»-ի սպանդի ժամանակ զոհվածների: Նաև գրել էր, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքին մասնակցելու հարցը չի քննակվել նաև իրենց կուսակցության ներսում, որի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀՇ կուսակցության անդամ էին, որն էլ ՀԱԿ-ի մաս է կազմում: «Հանրահավաքը կազմակերպում է ՀԱԿ-ը, որի մաս մենք չենք կազմում և այդ պատճառով չենք պատրաստվում մասնակցել: Բայց կուսակցության այն անդամները, որոնք ժամանակին եղել են 2008-ի շարժման մեջ, իրենք հիմա էլ հավատարիմ են իրենց սկզբունքներին, իրենց պայքարը շարունակում են այլ հարթակում՝ այն է «Ազատ դեմոկրատներ» քաղաքական ուժի միջոցով»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենք մի քանի անգամ ասել են և կրկին շեշտում են, որ երբեք չենք խուսափում պատասխանատվությունից և երբեք չեն զղջացել իրենց անցած ուղղու համար:
Հարցին, թե հնարավոր է կուսակցությունը ինքնուրույն որևէ միջոցառում կազմակերպի ի հիշատակ հինգ տարի առաջ մարտի 1-ին զոհված 10 զոհերի, Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «Դեռևս նման հարց չի քննարկվել, բայց կարծում եմ, որ ինչ-որ միջոցառում, երթ, հանրահավաք կամ այլ քայլ անելով չի պայմանավորված մեր հարգանքը այդ զոհերի նկատմամբ և այն, թե արդյոք մենք հիշում ենք նրանց: Կարևորը հարգանքն է և պարտադիր չէ, որ այն դրսևորվի այս կամ այն ցուցադրական երևույթներով»,- ասաց նա: