Այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցավ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերը վերլուծող հերթական կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին ՏՏ ոլորտի մասնագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ: Քննարկման բանախոս, Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախագահ Արման Ղուկասյանը, խոսելով կուսակցությունների քաղաքական ծրագրերի մասին, առանձնացրեց հատկապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և ԵԼՔ դաշինքի արտաքին քաղաքական ծրագրերը՝ դրանք համարելով ոչ իրատեսական, քանի որ նմանատիպ ծրագիր ներկայացնելուց առաջ՝ քաղաքական ուժերը պետք է ուսումնասիրեին գոյություն ունեցող վիճակագրական թվերը:
«Քաղաքական կուսակցությունները պետք է հաշվի առնեն այն, որ ԵՏՄ-ն թույլ է տալիս Հայաստանի տնտեսությանը ստանալ արտոնյալ վարկեր և 2015 թվականին շուրջ մեկ միլիարդ դոլարի վարկեր և գրանտ է ստացել: 2016 թվականի առաջին կեսին Հայաստանը տնտեսապես առաջ է անցել ԵՏՄ անդամ մյուս երկրներից: Կան նաև մի շարք այլ տնտեսական վեկտորներ, որոնց ուղղությամբ Հայաստան-ԵՏՄ համագործակցությունը տվել է դրական արդյունք: Հետևաբար, սխալ է այն պնդումը, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ից»:
Նշենք, որ քննարկման մասնակիցների վերլուծությունները վերաբերում էին ոչ բոլոր կուսակցություններին, և տպավորությունն այնպիսին էր, որ որպես թիրախ ընտրված են արևմտամետ ուղղվածություն ունեցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու ԵԼՔ դաշինքը: Բանախոսները չանդրադարձան նաև կուսակցությունների արտաքին քաղաքական վեկտորներին ու այն հիմնավորումներին, որոնք բերում են նույն կուսակցությունները:
Ըստ բանախոսի՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնությունն ունեն Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքական ծրագրեր, իսկ այդ կուսակցություններից առանձնանում է ՀՀԿ-ն, որը Հայաստանի հետագա տնտեսական զարգացումը կապում է ԵՏՄ-ի հետ՝ իսկ որպես անվտանգության երաշխավոր՝ դիտարկում ՀԱՊԿ-ն:
Նշենք, որ քննարկման մասնակիցներն առաջարկում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պատժամիջոցներ կիրառել այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր իրենց ծրագրերով ապատեղեկատվություն են տարածում՝ հեռահար ակնարկելով դեպի ԵՄ կողմնորոշում ունեցող կուսակցություններին և դաշինքներին:
Այս առաջարկին դեմ արտահայտվեց կլոր սեղանին մասնակցող փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նա նշեց, որ նման պահանջով ԿԸՀ-ին դիմելը սխալ է, քանի որ առաջարկի բովանդակությունն ունի խմբագրման և փոփոխությունների անհրաժեշտություն, հակառակ պարագայում՝ այս պահանջը կհամարվի հակաօրինական:
Նշենք, որ միջոցառման կազմակերպիչն է Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը: