«ԱԺ արտահերթ ընտրություններում «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակը կգլխավորի կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը, իսկ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով առաջիկա ընտրություններին կմասնակցի «Սասնա Ծռերի» կազմում, կլինի ցուցակի պատվավոր՝ 2-րդ տեղում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։
Ստեփան Գրիգորյանը նշեց՝ պատրաստ են միասին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի իրենց մոտեցումները համընկնում են։ Նա նշեց մի քանի կետեր, թե ինչու է ինքը մասնակցում ընտրություններին և ինչու հենց «Սասնա Ծռերի» հետ․ «Առաջին հերթին ես «Սասնա Ծռերի» հետ եմ, քանի որ նրանք ազնիվ են ու հայրենասեր։ Մեզ մոտ ավանդույթ է ձևավորվել, որ եթե պատգամավոր է, ուրեմն երեսփոխան է։ Մենք միասին կկոտրենք այդ կարծրատիպը։ Միայն մեկ ուժը կարող է Հայաստանումմ փոխել այդ մտայնությունը։
«Սասնա Ծռերը» միակ ուժն է, որն ունի 300 էջանոց հայեցակարգ։ Այո՛, իրենք ունեն և՛ ռազմավարական, և՛ մարտավարական նշանակություն ունեցող ծրագիր։ Կա տեսլական, թե ինչ Հայաստան ենք ուզում տեսնել և լուծել սփյուռքի և այլ հարցեր։ Ուժ է գալիս, որն ունի մոտեցում»,- նշեց նա՝ ասելով, որ պրոարևմտյան փորձագետ եմ, իսկ նրանց մոտ ընդգծված է՝ պետք է աշխատել արևմտյան ինստիտուտների հետ։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ․ «Փայլուն հեղափոխություն, լուրջ զարգացումներ, բայց մի վտանգ է սպասվում․ աստված չանի՝ ԱԺ-ն լինի միահեծան։ Մեկ ուժ գերիշխի ու իր դիմաց կանգնած լինեն նախկին ուժեր, ինչը շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար։ ԱԺ-ում կարող են լինել ՔՊ-ն, «Սասնա Ծռերը», այլ լիբերալ ուժեր, ոչ թե հին ուժեր՝ օրինակ՝ Հանրապետականը»։