Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր ապացույցներ է ներկայացրել, համաձայն որոնց Բելառուսի իշխանություններից կողմից իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումն ապօրինի է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լապշինը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ալեքսանդր Լապշինը գրառման մեջ նախ հայտնում է, որ իրեն Ադրբեջանին արտահանձնելու գործում Բաքվի շահերը ներկայացնում էր Բելառուսի գլխավոր դատախազության միջազգային բաժնի դատախազ Մաքսիմ Գրիգորևը: «Նրա գործընկերներից մեկը՝ անոնիմության բացարձակ իրավունքով ինձ գրել է, որ այն ժամանակ, երբ Բելառուսը զբաղված էր ինձ Ադրբեջանին արտահանձնելու գործով, Գրիգորևը հեռագիր է ուղարկել Բաքու, որում գրել է. «Ձեր մեղադրանքները պետական սահմանը խախտելու և տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ կոչերը չեն համապատասխանում Բելառուսի քրեական օրենսգրքին: Ինչ-որ բան ավելացրեք, այդ դեպքում ամեն ինչ օպերատիվ կերպով կանենք»,- գրել է Լապշինը:
Բլոգերը հայտնում է նաև, որ օրերս իր «Ֆեյսբուք»-ի էջին նամակ է գրել մի անձ, ով ներկայացել է որպես Սերգեյ Գրիգորև և ներողություն խնդրել իրենից: «Երկու տարի է անցել և ահա նա ինձ գրում մի կնոջ ֆեյսբուքյան հաշվից ու ներողություն խնդրում: Նա գրել է, որ պարզապես հրամաններ է կատարել, իսկ Ադրբեջանը իր համար նույնքան նողկալի է, որքան մեզանից շատերի համար: Առաջին պահին ես որոշեցի, որ դա կատակ է: Նա ինձ գրեց, որ իր մոտ փաստաթուղթ կա, որը ես ու իմ փաստաբանները մեկ տարի փնտրում էինք ու այդպես էլ չգտանք: Ես կարծում էի, որ նա փող է ուզում, բայց նա անմիջապես այդ փաստաթուղթը ուղարկեց ինձ՝ «Ֆեյսբուք»-ի միջոցով: Գտնել այդպիսի կոմպրոմատ Բելառուսի դեմ (ես Բելառուսի դեմ բողոք եմ ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ժնևի գրասենյակ՝ արտահանձնման կանոնների խախտման համար) նույնիսկ ես չէի կարողանա, քանի որ դրա համար ինձ անհրաժեշտ կլիներ հասանելիություն ունենալ գլխավոր դատախազության արխիվներին»,- գրել է Լապշինը:
Նա մանրամասնել է, որ խոսքը լրացուցիչ պաշտպանության վերաբերյալ իր հայտարարության մասին է, որը ներկայացվել է 2017թ. փետրվարի 3-ին, որին Բելառուսի իշխանությունները պարտավոր էին արձագանքել 15 օրվա ընթացքում՝ համաձայն օրենքի: «Սակայն այն ժամանակ նրանք հայտարարեցին, որ ես երբեք այդպիսի հայտարարություն չեմ ներկայացրել: Եվ ահա Մաքսիմ Գրիգորևը ինձ այդ փաստաթուղթն ուղարկում է»,- գրել է Լապշինը:
Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Բելառուսի ներքին գործերի նախարարության քաղաքացիության և միգրացիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Բեգունի՝ 2017թ. փետրվարի 8-ին արած հայտարարության հղումը, որում վերջինս նշում է, որ Ալեքսանդր Լապշինը լրացուցիչ պաշտպանություն հատկացնելու վերաբերյալ հայց չի ներկայացրել: Դրանց կից բլոգերը ներկայացրել է նաև իր հայտարարության փաստաթղթի լուսանկարը, որը իրեն ուղարկել է որպես Մաքսիմ Գրիգորև ներկայացած անձը:
«Անկասկած, այս փաստաթուղթն արդեն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ժնևի գրասենյակ և կցվել է իմ բողոքին: Այսպիսով, աստիճանաբար ի հայտ է գալիս իմ արտահանձնման գործում Բաքվի և Մինսկի միջև կոռուպցիոն կապը: Ենթադրում եմ, որ այս պատմության վերջակետը կդնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Նյու Յորքում Բրուքլինի դաշնային դատարանը, որտեղ ևս իմ կողմից Ադրբեջանի դեմ բողոքներ են ուղարկվել, որոնց կցվել են նաև բոլոր այդ նամակները՝ որպես վկայություն»,- եզրափակել է Լապշինը: