Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Խորհրդարանում քվեարկության դրվեց պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով կերաշխավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:
Հերթական նիստում նախագիծը ստացավ ընդամենը 28 կողմ ձայն:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը իր խոսքում նշեց, որ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ եթե Կաթողիկոսը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի: Ըստ նրա՝ օրենքում հատուկ արձանագրելու կարիք չկա, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:
Լենա Նազարյանին պատասխանելով՝ իր կարծիքը հայտնեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը այն ինստիտուտը չէ, որ եթեներով խոսենք: Այո՛, Վեհափառ Հայրապետը և սուրբ եկեղեցին մեր Սահմանադրությամբ ունեն բացառիկ իրավունքներ: Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը ամրագրված է ՀՀ Մայր օրենքով, ուստի Կառավարությունը, ԱԺ-ն Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հարգել Սահմանադրությունը և, որպես սահմանադրական նորմ, բացառիկության իրավունք՝ տալ նաև պետական պաշտպանության հատուկ լիազորություններ և իրավունքներ վեհափառ հայրապետին»:
«Ծառուկյան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու: «Հայ առաքելական եկեղեցու դավանանքը ոչ միայն իրավական ձևակերպում է, այլ նաև ապրելակերպ: Եվ մենք բարձր ենք գնահատում անվտանգության հարցը և կարծում ենք, որ նոր օրենքով չէ, որ այս նախադրյալները պետք է ապահովվեն. դա այսօրվա օրենսդրական իրականությունում ևս հնարավոր է ապահովել»,-նշեց նա:Խոսրով Հարությունյանն առաջարկեց պաշտպանել այդ նախաձեռնությունը: Երկարատև քննարկումներից և բանավեճերից հետո նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար կողմ ձայներ:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր կարծիքով` դա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր:
«Հայ ժողովուրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը և որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը»,- ասաց Շարմազանովը և հավելեց, որ եթե այսօր իրենք 28-ն, ապա վաղը դառնալու են 2800, ապա՝ 2.800.000, և թույլ չեն տա, որ Հայկը պարտվի Բելին:
Բոյկոտելով քվեարկության արդյունքները` մի շարք պատգամավորներ դուրս եկան նիստերի դահլիճից: