Կոնկրետ գազի և լույսի սակագների վերաբերյալ կոռեկտ չէ մեկնաբանություններ անելը, պետք է դիմեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Գազի սակագների մասով այս պահին բանակցություններն ընթացքում են և որևէ նոր բան չեմ կարող ասել։ Փոխվարչապետի ուղեկցությամբ աշխատանքային խումբ կա ստեղծված և բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են», - նշեց Բաղրամյանը։ Վերջինս նկատեց, որ աշխատանքային խումբը հետևում է ինչպես ներմուծման սակագների ձևավորման և մեծության վերաբերյալ բանակցություններին, այնպես էլ ներքին կառուցվածքային խնդիրների սակագներին։
Անդրադառնալով էլէներգիայի սակագնին՝ Բաղրամյանը նշեց․
«Այս փուլում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարբերաբար տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում։ Ատոմակայանի տնօրենի հետ քննարկել ենք այն աշխատանքները, որոնք նախատեսվում են 2019 թվականի, որոշ աշխատանքների համադրմամբ։ Միևնույն ժամանակ իրականացնելով տարբեր աշխատանքներ՝ հնարավոր է եղել կրճատել նորոգման ժամանակ ատոմակայանի կանգնելու տևողությունը»։
Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018 թվականին ատոմակայանը շուրջ 6 ամիս կանգնած է եղել՝ տուրբին գեներատորի փոխվելու աշխատանքներով պայմանավորված, և նկատեց, որ մյուս փոփոխությունը 2019 թվականին է նախատեսվում։
«Վերանորոգման գրաֆիկի կարգավորման արդյունքում հնարավորություն ունենք շուրջ 200 մլն ավելի շատ էլէներգիա առաքել», - ասաց Բաղրամյանը։
Հարցին՝ ե՞րբ սպառողները սակագների վերաբերյալ նորություն կունենան նախարարի պաշտոնակատարը նշեց՝ փետրվարի 1-ին։