ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով' նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներին պաշտոններ տալով' ներկայիս իշխանությունն ընդունում է, որ այդ ոլորտներում համատարած թալան չի եղել: Շարմազանովն այս մասին ասաց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում:
«Չենք մերժում, թե Հայաստանում կան կոռուպցիոն դրսևորումներ, ինչպես որ ցանկացած երկրում: Բայց մեր նոր իշխանությունը... ասաց, թե համատարած թալանել են երկիրը, համատարած կոռուպցիա է եղել: Իսկ հնարավո՞ր է համատարած կոռուպցիա առանց բանակի, առանց նախագահի վերահսկողության ծառայության, առանց ԱԱԾ-ի, ոստիկանության: Եթե մի պետությունում կա համատարած թալան, ուրեմն այդ մարմինները պետք է թաթախված լինեն կոռուպցիայի մեջ: Բայց հիմա նախկին վերահսկողության պետին, նախագահի վերահսկողության պետին, հարկայինի պետին նշանակել են շատ բարձր պաշտոնների: Եթե նշանակել են, ուրեմն այդ մարդիկ մաքուր են, ուրեմն կոռուպցիա չի եղել այդ համակարգերում»,-ասաց Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանն ինչքան խելքը գլխին կադրեր ունի՝ իրենց իշխանության մարդիկ են
Նա նշեց, որ եթե Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, նշանակում է, որ բանակում չի եղել համատարած կոռուպցիա: «ԱԱԾ պետ նշանակել են Արթուր Վանեցյանին, շատ էլ լավ են արել, բայց Արթուր Վանեցյանը երկրորդական մարդ չի եղել, եղել է Երևանի ԱԱԾ պետի տեղակալը, ուրեմն, եթե նշանակել են, նա չի եղել կոռուպցիոն սկանդալի մեջ։ Երկրում չի կարող լինել համատարած թալան, եթե համատարած թալանի մեջ չեն բարձրաստիճան պաշտոնյաները»,- եզրափակեց նա: