Առաջիկայում մեկնարկող քարոզարշավի ժամանակ մտավախություն կա, որ հռետորաբանությունը կսրվի և ատելության խոսքը կաճի: Այս մասին Երևանում կազմակերպված «Խոսքի ազատություն, որտեղ են սահմանները» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Նախորդ տարիների ընտրությունների, քաղաքական զարգացումների փորձը ցույց տվեց, որ նկատվում էր բացասական հռետորաբանության ավելացում, երբեմն անցնում էին թույլատրելի սահմանները: Մենք դա պայմանավորում էինք քաղաքական գործընթացներով, սակայն կամաց-կամաց դա տեղափոխվեց լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր և դա դարձավ լուրջ մտահոգության առարկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, այս քննարկման նպատակն է առաջացած իրավիճակում լուծումներ գտնել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ միջազգային կառույցների կողմից խոսքի ազատությունը համարվում է ժողովրդավարության անկյունաքարը:
«Խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու, փնտրելու, տարածելու ամբողջ իրավունքների համալիրը, իհարկե, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է: Շատ կարևոր է լրատվամիջոցների աշխատանքը, ուշադրության կենտրոնում ենք պահում նաև լրագրողների գործունեությունը»,-ասաց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր համարեց պետական մարմինների վարքագիծը: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում ունեցել են մի քանի իրավիճակներ, երբ լրագրողները դիմել էին պետական մարմիններին տեղեկություն ստանալու համար, սակայն նրանց տրամադրվել էր անհիմն հիմքերով մերժումներ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ պետական մարմինը պետք է ընկալվի որպես խոսքի ազատությունը պաշտպանող սուբյեկտ, այլ ոչ թե խոչընդոտող:
«Սոցիալական ցանցերում մենք ունենք ատելության խոսքի աճ, պայմանավորված որոշ իրադարձություններով: Շատ դեպքերում մարդկանց՝ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները հաճախ պայմանավորված են լինում հարցազրույց տվող անձով կամ վերնագրով: Նույնիսկ երբեմն լրագրողները նույնացվում են հարցազրույց տվողի հետ, մեկնաբանողը թիրախավորում է լրագրողին»,-ասաց Արման Թաթոյանը: Նա նկատեց, որ սոցիալական ցանցերում մեծացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր ընդգրկվում են մեկնաբանություններում: Արման Թաթոյանն ընդգծեց, որ կեղծ օգտատերերի խնդիրը դարձել է մարդու իրավունքների, խոսքի ազատության մարտահրավեր:
ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո բավական մեծ աստիճան է բացվել և՛ խոսքի, և՛ մամուլի ազատության տեսանկյունից:
«Դա արձանագրվել է մի շարք միջազգային միջնորդների կողմից: Հայաստանը համարվեց ինտերնետի ոլորտում լիակատար ազատություն տրամադրող պետություն»,-ասաց Վիգեն Քոչարյանը: Նրա խոսքով, դրա հետ մեկտեղ մենք ունենք խնդիրներ խոսքի ազատության սահմանների, այն դեպքերի հետ, երբ տեղի է ունենում այդ իրավունքի չարաշահում: Շատ դեպքերում արտահայտությունները պարունակում են զրպարտանք, վիրավորանք, բռնության կոչեր: Ըստ նրա՝ սա մարտահրավեր է՝ ուղղված խոսքի ազատությանը, պետական մարմիններին, որոնք պետք է կարողանան ձևակերպել համահունչ լուծումներ: