Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն՝ պարզելու, թե նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ ինչպիսի մրցակցային վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, իսկ այս տարվա տվյալների համաձայն ներմուծողները 57-ն են: Մասնավորապես, կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն, 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինը այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5 %, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Իրավիճակը նույնն է սոցիալական կարևորության գրեթե բոլոր ապրանքային շուկաներում: Շաքարավազի մասով 4 տարվա կտրվածքով ներմուծողների թիվը դարձել է 36-ից 62, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 94-ից՝ 78%: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ են զբաղվում 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը նվազել է 92%-ից հասնելով 56%-ի: