Դավթաշեն վարչական շրջանի առևտրի և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ ՀՀԿ-ական Բաբկեն Մկրտչյանի խոսքով՝ Վարչական շրջանի ղեկավար ղեկավար Միքայել Թումասյանն իրեն հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ 

Մկրտչյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքից ազատման պատճառն իր համոզմամբ կուսակցական պատկանելիությունն է, իսկ պահանջը դրված է եղել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից։Աշխատակիցը, հակառակ թաղապետարանի տարածած հաղորդագրության, թե ասել են տեղափոխվի մեկ այլ աշխատանքի, ոչ թե ազատման դիմում գրի, վստահեցնում է, որ իրեն աշխատանք առաջարկել են այն ժամանակ, երբ ասել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բաց նամակով է դիմելու։

«Այդ ժամանակ ասեցին՝ ինչ նամակ, արի ուզում ես բաժինդ փոխենք, մնա աշխատի, բայց ես չհամաձայնվեցի ու դրա լրջությունը ես հասկանում էի»,- ասաց Բաբկեն Մկրտչյանը։

Մեր այն դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով այս ամենի պատճառը եղել է իր խնդրահարույց վարքագիծը՝ քաղաքացիների հետ շփումներում, վարչական շրջանի աշխատակիցը հերքեց դա՝ «Նրանք ստում են»։

Նշենք, որ բարձրացված աղմուկից հետո, Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով խնդրին, ֆեյսբուքյան իր էջում հերքել է Բաբկեն Մկրտչյանի կողմից տարածված տեղեկությունները, թե՛ այս գործում Հայկ Մարությանի կապի և, թե՛ Մկրտչյանի՝ աշխատանքից ազատման հորդորի վերաբերյալ։

«Մի քանի հարգարժան ընկերներ իրենց էջում մի տեղեկություն են տարածել, որը, մեղմ ասած, իրականության հետ լուրջ խնդիրներ ունի. 1 - դավթաշենցի պաշտոնյային աշխատանքից չեն հեռացրել, այլ առաջարկել են տեղափոխվել այլ ստորաբաժանում, 2 - պատճառը եղել է պաշտոնյայի խնդրահարույց վարքագիծը՝ քաղաքացիների հետ շփումներում, 3 - քաղաքապետը այդ հարցով որեւէ հանձնարարական որեւէ մեկին չի տվել (քաղաքապետը վարչական շրջանի աշխատակազմերի կադրերով չի զբաղվում), եւ 3,5 - այս ամենը պաշտոնյայի կուսակցական պատկանելության հետ որեւէ կապ չունի»,- գրել է քաղաքապետ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


Արմինե Միքայելյան