Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանում եւս «Սև ուրբաթ» էր: Ավելին՝ հայտարարված զեղչերը մի շարք խանութներում կշարունակվեն ևս մի քանի օր: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց՝ ահազանգեր են եղել, որ այդ օրը ապրանքն էժանանալու փոխարեն թանկացել է։
«Գնորդներն արձանագրել են, որ նախորդ օրը տվյալ ապրանքը վաճառվել է 50 հազար դրամով, ու «Սև ուրբաթ»-ի օրը թեև խանութի վրա գրված է եղել 20-70% զեղչ, սակայն նախորդ օրը, օրինակ՝ 50 000 դրամով վաճառված ապրանքը «զեղչի տակ» վաճառվել է կամ նույն գնով, կամ՝ ավելի թանկ՝ 55 հազար դրամով»,- նշել է Բաբկեն Պիպոյանը։
Պիպոյանը չցանկացավ բարձրաձայնել՝ հատկապես որ խանութներում են գրանցվել գների բարձրացման դեպքեր՝ նշելով. «Ահազանգողներն առաջինն ուզում են ճշտել՝ իրավունք կա՞ ինչ-որ բաներ անելու, երբ բացասական պատասխան են ստանում, իրենց համար էլ կարևոր չէ, թե որ խանութներում են եղել այդպիսի դեպքեր»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ տնտեսվարողը տարբեր մեխանիզմներով կարող է մոլորեցնել սպառողին ու պատասխանատվության չենթարկվել, քանի որ մեր երկրում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա։
«Հարկավոր է օրենքով սահմանել զեղչը, որպեսզի կարողանանք ունենալ պետական վերահսկողություն: Այլ երկրներում «զեղչ» եզրույթն իրավական առումով կարգավորվում է։ Հստակ կարգավորումներ կան, թե որ դեպքերում կարող է զեղչ սահմանվել։ Եվրոպական երկրներում տնտեսվարողը չի կարող 100 հազար դրամանոց ապրանքը հաջորդ օրը 20 հազար սահմանել կամ հայտարարել զեղչ, բայց իրականում չանել, մինչդեռ Հայաստանում կարող է նման բան լինել:Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մեզ մոտ ավելի շատ մարդ է օգուտ ունեցել «Սև ուրբաթից», բայց քիչ չեն նաև այն մարդիկ, որոնք հիասթափություն են ապրել»,-ասաց Պիպոյանը:Ըստ նրա՝ «Սև ուրբաթը» մշակույթ է և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ մշակույթը մտնի նաև մեր իրականություն. «Բարձրակրունկի վրա քայլելը գեղեցիկ է, հաճելի, բայց երբ փոքր երեխան է քայլում դրանց վրա, ընկնում է՝ մինչև սկսում է սահուն քայլել: Ծնողն էլ, հասկանալով, որ փոքր է՝ կընկնի՝ երեխայի կողքին է կանգնում»,- համեմատեց Պիպոյանը՝ ընդգծելով, որ ստացվում է՝ մեր պետությունը պետք է սկսի հոգ տանել որպես ծնող և դա կարգավորվի համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։
Սոնա Հարությունյան