Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումանասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։
Ավելին, սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ բացվում կամ ակտիվացվում են ադրբեջանական կամ թուրքական օգտահաշիվներ կամ էջեր, որոնց հատուկ նպատակը այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ տարածելն է, որոնք ցուցադրում են սպանված զինվորներ կամ հենց սպանության պրոցեսը՝ ուղեկցվելով դաժանություններով։
Ընդ որում, ստուգումները վկայում են, որ վայրագությունների ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, սակայն դրանք ներկայացվում են նենգափոխված ու կեղծ տեղեկություններով այնպես, որ խոսքը հենց նրանց նկատմամբ իրականացվող ադրբեջանական զինված ուժերի անդամների իրականացրած դաժանությունների մասին է ու վերաբերում է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններին:
Ցանկացած պարագայում այդ տեսանյութերը տեղադրվում են մոնտաժված ու մշակված վիճակում, ինչը վկայում է այն մասին, որ դրանք անցնում են մասնագիտական պատրաստման աշխատանքներ և այդ աշխատանքներն ունեն համակարգված ու կազմակերպված բնույթ:
Ադրբեջանական նշված սոցիալական ցանցերի էջերի կամ օգտահաշիվների ընդգծված առանձնահատկություններից է այն, որ դրանք հաճախ արված են հայկական էջերին ու օգտատերերերին մոլորեցնելու համար՝ տպավորություն ստեղծելով, թե դրանք վարվում են հայկական աղբյուրներից կամ հայկական էջեր են։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշվածի հիման վրա հատուկ սկզբունքով կազմել է տեսանյութ-ապացույցներ, որոնք հաստատում են ողջ վերը շարադրվածը ու դրանք կուղարկվեն միջազգային մարմիններին։
Ընդ որում, այդ տեսանյութերում բոլոր վայրագություններն ու դաժանության տեսարանները Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է ներկայացնել առանց մշակման՝ այնպես, ինչպես դրանք ուղարկվում են հայկական էջերին ու օգտատերերերին, որպեսզի մեր միջազգային գործընկերները կարողանան պատկերացում կազմել իրական վիճակի մասին»,- գրել է Թաթոյանը: