Հայերի ու հայկականության հետքերը վերացնելու նպատակով թուրքական պետության շարունակական քաղաքականությունը կանգ չի առնում: Այս անգամ հայերի հետքերից որոշել են մաքրել Մարդինը, որտեղի Քըզըլթեփե շրջանում գտնվող հայկական Թելերմեն գերեզմանատունը քանդվում է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Գերեզմանոցի քանդման աշխատանքները սկսվել են 2012 թվականից: Դեռ այդ ժամանակ հնեաբան Նեզիհ Բաշգելենը, տեսնելով գերեզմանատունը քանդելու գործընացը, լուսանկարներ էր արել և կատարվող իրողության մասին տվյալներ էր ուղարկել Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարություն, Մարդինի թանգարան և նահանգապետարան: Չնայած այս ամենին' նրա դիմումը մնացել էր անպատասխան, և արդեն երկու տարի է' գերեզմանոցը շարունակում է քանդվել և փորվել հատուկ մեքենաներով: Այս կապակցությամբ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հնեաբանները, ովքեր հայտնե լ են, որ այդ տարածքը չափազանց կարևոր է, քանի որ իր մեջ է պարուրում հազարավոր տարիների անցյալի հետքերը: Նրանք կոչ են արել Թերլեմենի գերեզմանոցից անհապաղ հեռացնել աշխատանքային մեքենաները և սկսել գիտական պեղումներ: