Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպան քաղաքականության և դրա իրավահաջորդը հանդիսացող Թուրքիայի Հանրապետության ներսում հայկական փոքրամասնության դեմ ճնշումների հետևանքով ժամանակակից թուրքական պետության տարածքում շատ հայկական բնակավայրեր, գերեզմանատներ և մշակութային կոթողներ շարունակում են լքված մնալ:
Սակայն Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ թուրքական պետական քարոզչությունը շարունակում է տարբեր լծակների միջոցով ի ցույց դնել այն, թե իբր պետությունը կամ տեղի ժողովուրդը տեր է կանգնում հայկական ժառանգությանը: Պատահական չեն այս թեմայով վերջին շրջանում ավելի հաճախ կազմակերպվող միջոցառումները կամ թուրքական մամուլում ներկայացվող հոդվածները:
Դրանցից մեկն էլ վերաբերում է Թուրքիայի Յոզղաթ շրջանի Սարըքայա գավառի Բուրունքըշլա գյուղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ռադիկալ» պարբերականը գրում է այն մասին, որ գյուղի բնակիչներն իրենց վրա են վերցրել տեղի հայկական գերեզմանատան շրջակայքի մաքրության և դրան հետևելու խնդիրները:
Գյուղապետ Նեջաթի Յալչընը նշել է, որ գյուղում տարիներ առաջ հայերը ապրել են իրենց պապերի հետ և լավ հարաբերություններ ի մեջ են եղել նրանց հետ: Գյուղապետը պատմել է անգամ լավ հայ համադասարանցիներ և հարևաններ ունենալու մասին, սակայն 1966 թվականից հայերը սկսել են խմբերով հեռանալ: «Ամեն տարի մեր հայ ընկերները 60-70 հոգանոց խմբերով գալիս են և այցելում գյուղն ու գերեզմանատունը»,- պատմել է Յալչընը' հավելելով, որ հենց իրենք են զբաղվում հայկական գերեզմանատան մաքրման աշխատանքներով:
Գյուղի բնակիչներից մեկը' 78-ամյա Սեմբիյա Արըքան լրագրողին պատմել է, որ դեռ չի մոռացել իր հայ ընկերներին ու հարևաններին, անգամ հիշում է այն դասընկերների անունները, ում հետ նույն դպրոցն են հաճախել: Մեկ այլ գյուղաբնակ' 75-ամյա Դիլավեր Աքքանն անկեղծացել է, որ կամավոր սկզբունքներով է մասնակցում գերեզմանատան մաքրման աշխտանքներին:
Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին ևս հանրապետական Թուրքիայում չդադարեցին հայերի նկատմամբ բռնություններն ու խտրական քաղաքականությունը: 1942 թվականին ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառված «Ունեցվածքի հարկը», ապա նաև 1955 թվականի սեպտեմբերի 5-6-ի դեպքերը հայերի նոր հարստահարումների և երկրում մնացած փոքրաթիվ հայ համայնքի թվի ավելի նոսրացման պատճառ դարձան: Ըստ էության, Թուրքիան հանրապետության տարիներին էլ շարունակեց հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը: