Այսօր, Թալինում, խորհրդարանական քարոզարշավի ժամանակ, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի արտահայտած միտքը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը, միանգամից դժգոհությունների ալիք բարձրացրեց։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ակո) նկատեց, որ տրամաբանությունից դուրս է այդ արտահայտությունը, քանի որ չէր լինի հեղափոխությունը, եթե չլիներ արցախյան շարժումը։
«Երբ երիտասարդ էի, մտածում էի՝ հայրս ինչո՞ւ է գնացել պատերազմ՝ 1941-45 թվականներին։ Երբ հասունացա և թացը չորից սկսեցի տարբերել, հասկացա, որ դա մեր պատմությունն է՝ մինչև դա չլիներ, սա չէր լինի։ Չկռվեինք 1941-ին՝ հնարավոր է՝ հիմա մենք չունենայինք ազգային ազատագրական շարժում: Հետո եղավ հեղափոխություն, եղավ իշխանափոխություն, որը ողջունելի է, սակայն ռեժիմի փոփոխությունը դեռ չի նշանակում հեղափոխություն․ հեղափոխության ժամանակ խորքային բաներ են փոխվում»,- ասաց Արկադի Կարապետյանը։
Հրամանատարը նշեց, որ չի կարծում, թե Սասուն Միքայելյանը միտումնավոր է այդ արտահայտությունն արել․ «Ինձ շատ հետաքրքիր է՝ ինչ նկատի ուներ Սասունը։ Իմ կարծիքով՝ լեզվի թռիչք է եղել, իսկ եթե նա լուրջ է ասում և եթե լեզվի թռիչք չէ՝ ես դա չեմ ընդունում, դա լոգիկայում չի տեղավորվում։ Մի տեսակ՝ ինձ համար անհսականալի է։ Ամեն դեպքում՝ Սասունն իմ մարտական ընկերն է և ես գիտեմ, որ նա անիմաստ չի համարում տղաների թափած արյունը»,- ասաց Կարապետյանը և հավելեց, որ պետք է սպասել՝ մինչև Սասուն Միքայելյանը կմեկնաբանի իր խոսքը․ «Կարծում եմ՝ կասի, որ ճիշտ չենք հասկացել»: