ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում, պատրաստվում է 5 տարում նվազեցնել ծայրահեղ աղքատությունը։
Այս մասին Փաշինյանն ասաց Սպիտակ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Հայաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում նվազեցնելու ենք ծայրահեղ աղքատությունը, արմատախիլ ենք անելու գործազրկությունը։ Նոր աշխատատեղերի, ներդրումների ու գործարանների ստեղծման միջոցով ենք անելու։ Այսօր ՀՀ-ում մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում կառավարության հետ։ Մենք ուզում ենք ձեզ քաջալերենք, որ դուք զբաղվեք ձեռներեցությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք գյուղացուն ապահովելու են ամեն ինչով, որպեսզի նա կարողանա ինքնուրույն կառուցել իր բարեկեցությունը։
«Մենք գյուղացուն պետք է ապահովենք ոռոգման ջրով, վարկային միջոցներով ու քաջալերենք նրանց մթերքի սպառումն ու ապահովենք արտահանումը ՀՀ սահմաններից դուրս, մենք մարդկանց պետք է օգնենք վաստակել, որովհետև ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունն ապահովի արժանապատիվ աշխատանքով»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։