«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» մրցանակի 2019թ. Ընտրող հանձնաժողովի կազմի համալրման մասին։
Իչպես տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, Մոսկվայում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Մատյան երախտագիտության» միջոցառման ընթացքում համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի երկու նոր անդամների անունները։ Հանձնաժողովին միացան մարդու իրավունքների պաշտպան Ջոն Փրենդերգասթը եւ հայտնի դիրիժոր ու բարերար Վալերի Գերգիեւը։
«Պատիվ է ողջունել միջազգային երկու առաջատար գործիչների՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում։ Ընտրող հանձնաժողովն իրապես համաշխարհային ընդգրկում ունի եւ ներկայանում է մարդասիրության ոլորտի ակնառու ներկայացուցիչներով՝ ուղենշելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարունակական ընթացքը»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
«Որպես կենտրոնական եւ արեւելյան Աֆրիկայում ցեղասպանության կանխմանն ուղղված նախաձեռնությունների առաջամարտիկ եւ հզոր դերակատար, Ջոն Փրենդերգասթը գիտելիքի եւ փորձառության անգնահատելի պաշար ունի։ Վալերի Գերգիեւն իր բարեգործական հիմնադրամի միջոցով մշակույթի եւ երաժշտության հովանավոր է եղել՝ սատարելով երիտասարդ երաժիշտների, ինչպես նաեւ կազմակերպելով բարեգործական համերգներ, որոնց հասույթը տրամադրվել է կարիքավորներին։ Վստահ ենք, որ նրանք նոր հեռանկարներ կբացեն եւ թափ կհաղորդեն իրենց դերակատարմանը»։
Ջոն Փրենդերգասթը մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ է եւ Enough նախագծի հիմնադիրը։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է ցեղասպանություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցանքներ կանխելու առաքելությամբ։ Ջորջ Քլունիի հետ համահիմնադրել է The Sentry նախաձեռնությունը, նաեւ Not On Our Watch (NOOW) բարեգործական կազմակերպության խորհրդի անդամ է։ Լայնորեն լուսաբանել է Սուդանի, Դարֆուրի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդի խնդիրները, ինչպես նաեւ աշխատել դրանց լուծման ուղղությամբ։
Վալերի Գերգիեւը աշխարհահռչակ դիրիժոր է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Նախկինում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եղել՝ ելույթ ունենալով աշխարհի ավելի քան 45 երկրներում։ Հիմնադրել է Վալերի Գերգիեւ բարեգործական հիմնադրամը, որի նպատակը Ռուսաստանում գեղարվեստական, սոցիալական եւ մշակութային նախագծերի զարգացմանն աջակցելն է, եւ դասական երաժշտություն կատարող երիտասարդ շնորհալի երգիչների ու երաժշտական խմբերի առաջխաղացումը։