Մեկնարկում է «Ավրորա» մրցանակի (Тhe Aurora Prize for Awakening Humanity) հավակնորդների առաջադրման փուլը։ «Ավրորա»-ն համաշխարհային մարդասիրական ամենամյա նոր մրցանակ է, որը շնորհվելու է այն անհատներին կամ խմբերին, որոնք իրենց վտանգի ենթարկելով օգնել են այլոց գոյատևել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից, հուլիսից մինչև հոկտեմբերwww.100Lives.com/hy/prize կայքէջը մարդկանց հնարավորություն կտա մրցանակի առաջադրելու այն անհատներին, որոնք հաղթահարել են սեփական անձին սպառնացող բազում մարտահրավերներ և բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքերի փրկության և մարդասիրական պայքարն առաջ մղելու գործում։

 

Մրցանակի հավակնորդներին գնահատելու համար «Ավրորա» մրցանակը ընտրող հանձնաժողովում ընդգրկել է արժանի մարդկանց. Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար և Միջազգային ճգնաժամային խմբի ներկայիս նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաև օսկարակիր դերասան ու մարդասիրական ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին։ Նրանք բոլորը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած անձինք են, որոնց միավորում է իրենց նվիրվածությունը մարդասիրության սկզբունքներին։

 

«Մենք ցանկանում ենք վերհանել խիզախումի և ոգեշնչման դեռևս ոչ շատ հայտնի դրվագներ, մենք ուզում ենք արժանին մատուցել նրանց, ովքեր պատասխանատվություն են զգացել և հանուն մարդասիրության վտանգել են իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար»,- ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի բարեգործության տեսլականն է: Նախաձեռնությունը երախտագիտություն է դրսևորում այն անհատների և կազմակերպությունների հանդեպ, ում հերոսական քայլերը պահպանել են հայերի կյանքը Ցեղասպանության տարիներին՝ 100 տարի առաջ: 100 LIVES-ը պատմում է վերապրողների և նրանց փրկողների պատմությունները և կարևորում մարդասիրությունը: Նրանք միասին ցանկանում են ստեղծել մարդասիրական շարժում՝ հրավիրելով մարդկանց ուշադրությունն այն խնդիրների վրա, որոնց լուծելուն են ուղղված աշխարհում հայտնի անհատների և կազմակերպությունների էական և հետևողական ջանքերը:

 

«Ցավալիորեն, մարդկությունը դեռ շարունակում է տառապել ողբերգական դեպքերից ու խնդիրներից: Այս մրցանակը նպատակ ունի աշխարհի ուշադրությունը բևեռել այն հիշարժան ջանքերի վրա, որոնք գործադրվել են, որպեսզի աշխարհի ամենախոցելի խմբերին օգնեն գոյատևել մոլորակով մեկ դեռևս մոլեգնող հումանիտար ճգնաժամերում»,- ասել է «Ավրորա» մրցանակի համանախագահ Ջորջ Քլունին:

 

Հաղթողին կշնորհվի 100 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգև, իսկ նրան ոգեշնչած և գործողության մղած մարդասիրական կազմակերպությանը՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Սա համահունչ է մրցանակի ոգուն, և հաղթողին թույլ է տալիս շարունակել բարեգործության շղթան։ Թեկնածուները կարող են լինել շահույթ չհետապնդող տարբեր ոլորտներից, այդ թվում՝ տնտեսական զարգացում, հանրային առողջապահություն, իրավագիտություն, կառավարում և կրթություն:

 

«Այս մրցանակը ստեղծվել է, որպեսզի իրական փոփոխություն բերի պայքարի այն ոլորտներում, որոնք մարդկանց ոգեշնչում են վտանգի ենթարկելու իրենց առողջությունը, ազատությունը, վարկանիշը կամ բարեկեցությունը, և օգնելու ուրիշներին գոյատևել և հասնել բարօրության:Այս մրցանակը մյուսներից տարբերվում է այն ժառանգությամբ, որը նա ձևավորելու է մարդասիրական ձեռնարկումները ոգեշնչող կազմակերպություններում ներդնելու միջոցով»,- ասել է «Ավրորա» մրցանակի համանախագահ Էլի Ուիզելը:

 

2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողության ընթացքում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ մրցանակը։

 

Առաջադրումների գործընթացը կտևի 2015թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 1-ը: