Այս պահին Վերաքննիչ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը:
Նախքան բողոքի քննությունը' փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե չի բացառում, որ այսօր երկրորդ նախագահի բողոքի քննությունը կավարտվի և կլինի դատարանի որոշում' կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ:
«Ամեն ինչ կախված է լինելու մի շարք հանգամանքներից: Նաև կախված է դատախազների ելույթներից, թե քանի դատախազ ելույթ կունենա, և ինչ մանրամասներով դատարանը կքննի գործի նյութը»,- նշեց Ալումյանը:
Վերջինս նաև նկատեց, որ նիստը շարունակվելու է նախորդ անգամ ընդհատված իր ելույթից:
«Անդրադառնալու եմ այն հանգամանքներին, որոնք այն ժամանակ, երբ առաջին անգամ Վերաքննիչ դատարանն այս հարցը քննում էր, դեռ առկա չէին կամ մեզ հայտնի չէին»,-ասաց նա:
Ալումյանը նշեց նաև, որ երեք բողոք է պաշտպանական կողմը ներկայացրել, որոնցից մեկը վերաբերվել է դատավորի ընտրության հարցին:
«Դատարանի նախագահն ընդգծում է՝ օրենքով է նախատեսված, որ դատարանի նախագահը պետք է մակագրի այս կամ այն դատավորին, հետո նշում է, որ վիճակահանությունը կատարվել է նրա համար, որ կամայականությունը բացառվի որոշում կայացնելիս»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ դա պաշտպանական կողմին դա չի բավարարում, քանի որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է' անձի վերաբերյալ գործը քննող դատարանը պետք է լինի օրենքի հիման վրա ստեղծված: