Այսօր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 66 տարեկան:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նա 1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից:

1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ԼՂՀ Նախագահ։ 1997 թ. մարտի 20-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։ 1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ՀՀ Նախագահ։

2003թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում: Պաշտոնավարել է մինչև 2008 թիվը։