Պաշտպանները միջնորդել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, միջնորդել է գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։ Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը։