Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) շրջանավարտների շահերն ու իրավունքները ներկայացնող «ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բոլորի ուշադրությունն է հրավիրում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՖՀՀ շրջանավարտների անունը շահարկող քարոզչական նյութերի վրա, որոնցում, նրանց խոսքով, կուսակցությունը պատրաստել, տարածել է մի պաստառ, որում առանց ՀՖՀՀ շրջանավարտների համաձայնության շահարկվում է նրանց անունը և տարածվում է ապատեղեկատվություն։
«Քարոզչական պաստառի բովանդակությունից պարզ է դառնում, որ նշված քաղաքական ուժի կողմից «Հայաստանում ֆրանսիական համալսարանը», ինչպես նաև նրա շրջանավարտները ներկայացվում են որպես նշված կուսակցության գործունեության և դրա արդյունքների հետ առնչություն ունեցող անձինք։ Քարոզչական նյութ հանդիսացող պաստառում մեր անհանգստությունն է առաջացրել նաև այն, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացվում է որպես ՀՖՀՀ «հիմնադիր և նախագահ», ինչը չի համապատասխանում իրականությանը»։
Ասոցիացիան կոչ է անում առանց շրջանավարտների համաձայնության չօգտագործել ասոցիացիայի անդամների համբավը և չշահարկել շրջանավարտների հավաքական անունը որևէ քաղաքական ուժի քարոզչական նյութերում։