Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններում կատարեց իր քվեարկությունը, մաղթեց, որ ընտրություններն անցնեն ազատ ու անկախ: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով քվեարկության էր եկել տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, իր քաղաքացիական պարտքը կատարեց 9/59 ընտրատեղամասում:
«Ես ուզում եմ շնորհավորել ՀՀ բոլոր քաղաքացիներին այս օրվա առթիվ: Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք արտահայտի իր կամքը: Քանի որ սա ժողովրդի կարևորագույն իրավունքն է, հետևաբար սա տոն է: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով: Ընդ որում, ընտրելով ազատ, անկաշկանդ և անկախ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:
Նա հույս հայտնեց, որ ընտրությունները կլինեն ազատ և անկախ: «Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ Ազգային ժողովը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Ուստի կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել ընտրությունների առթիվ և մաղթել, որ ընտրությունները լինեն իսկապես ազատ և անկախ»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը: