Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին:
ԱՄՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականներն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, իսկ թեկնածուները ազատ քարոզարշավ անցկացնելու իրավունք են ունեցել: «Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ առ այն, որ ընտրական գործընթացը վայելել է լայն հասարակական վստահություն և հարգվել են հիմնարար ազատությունները: Մենք կոչ ենք անում իշխանություններին ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պետդեպը նշել է, որ այս տարի Հայաստանի համար նշանակալի փոփոխությունների ժամանակահատված էր: «27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել են աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու ինստիտուտների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել նույնը: Ակնկալում ենք աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ՝ խորացնելու մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ու ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման, կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի ու ներդրումների առաջխաղացման և տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության»,- ասվում է ԱՄՆ պետդեպ հայտարարության մեջ: