Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում քննարկել է Գերագույն ռադայի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:
«Մոգերինին շնորհավորել է Պորոշենկոյին քվեարկության դրական արդյունքների կապակցությամբ և քննարկել բարեփոխումները, որոնք կիրականացվեն Ուկրաինայում առաջիկա ամիսների ընթացքում՝ վստահեցնելով, որ միջազգային հանրությունը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի երկրին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նա նաև մտահոգություն է հայտնել՝ հաջորդ շաբաթ Ուկրաինայի հարավ-արևելքում ծրագրված ընտրությունների վերաբերյալ:
«Ավելի վաղ այս մտահոգությունը Մոգերինին արտահայտել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում»,- ասել են Իտալիայի արտաքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ «Պորոշենկոյի բլոկը» ռադայում կզբաղեցնի պատգամավորական 423 տեղից ավելի քան 130-ը: