Աֆղանստանում ապրիլի 5-ին կայացած նախագահական և մունիցիպալ ընտրությունները կարևոր քայլ են դարձել երկրի պատմության մեջ առաջին դեմոկրատական իշխանափոխության ճանապարհին:

 

ՄԱԿ-ում տարածված հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորել է աֆղան ժողովրդին այդ ձեռքբերման կապակցությամբ, նրանց դրվատել համարձակության, իրենց իրավունքները պաշտպանելու ձգտման և հանուն երկրի ապագայի պայքարելու համար:

 

«Աֆղանցիները չվախեցան սպառնալիքներից ու ճնշումներից՝ իրականացնելով ձայնի իրենց իրավունքը: Դրանով իսկ նրանք կարևոր ազդանշան ուղարկեցին առ այն, որ բռնացողները չեն հաղթի»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

Աֆղանստանի բարձրագույն պետական պաշտոնի համար առաջադրվել էր ութ թեկնածու: Ֆավորիտներ են համարվում արտաքին գործերի նախկին ղեկավարներ Զալմայ Ռասուլը և Աբդուլա Աբդուլան, ինչպես նաև ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը: Գործող նախագահ Համիդ Քարզայն ընտրություններին չի մասնակցել, քանի որ Սահմանադրության համաձայն, իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետով:

 

Անկախ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է շուրջ յոթ միլիոն մարդ կամ ընտրողների 58 տոկոսը: Ձայների հաշվարկը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը, նախնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 24-ին:

 

Գանգատների քննության աֆղանական հանձնաժողովը նախօրյակին հայտնել է, որ հազարից ավելի դիմումներ է ստացել ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ: Քվեարկության ընթացքում կատարվել են մի շարք ահաբեկչական գործողություններ և ծայրահեղականների հարձակումներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանց զոհ է դարձել շուրջ քսան մարդ:

 

Ինչպես տեղեկացրել է Voice of America-ն, ընտրական տեղամասերից քվեատուփեր տեղափոխող բեռնատարը ճամփեզրին տեղադրված ականից պայթել է Աֆղանստանի Կունդուզ հյուսիսային նահանգում: Պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ՝ վարորդը, մի ոստիկան և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը: Պայթյունը նաև ոչնչացրել է քվեատուփերը: Ընտրությունների առաջատար երեք թեկնածուներն անհանգստություն են հայտնել քվեարկության արդյունքների հնարավոր կեղծման կապակցությամբ: