Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ մարզադաշտ ներխուժած հայ երկրպագուն արդեն ազատ է:
«Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ «Արսենալ»-ում հայերին շատ են սիրում»,-այս մասին գրել է «Երկրպագուների առաջին ճակատ» ակումբի ղեկավար Սերոժ Ջանջոյանը:
Խաղի ընթացքում վազքով մարզադաշտ է մտել մի երկրպագու Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի նկարով շապիկով: Անվտանգության աշխատակիցները հեռացրել են երկրպագուին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում 1:0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Ղարաբաղ»-ին: Հանդիպման միակ գնդակը հեղինակել է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը՝ 16-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չի խաղացել: