Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատման արդյունքները ևս այդ մասին են փաստում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետագա զարգացման, թե տնտեսությանը սպասարկելու ունակության համար առանց ռիսկեր առաջացնելու»,-ներկայացրեց Գրիգորյանը:

Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից անցել է ֆինանսական համակարգի և միջազգային փորձին դրա համապատասխանության երեք գնահատման ծրագիր՝ 2005-2006 թ., 2012թ. և 2018թ.: Առաջինի դեպքում հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը կազմել է շուրջ 67 տոկոս, 2012-ին՝ 93 տոկոս, իսկ 2018-ին՝ 97 տոկոս: Գրիգորյանի խոսքով՝ դա տարբեր երկրների հետ համեմատված համարվում է ամենաբարձր ցուցանիշը: