«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ ուրախությունը շատ մեծ էր, որ առաջին անգամ Հայաստանում ընտրողը զգաց, որ իր ձայնը տեղ է հասնում: Սա ամենաառաջին ուրախությունն է մեր հայ ժողովրդի համար: Ամբողջ աշխարհում էլ այդ մասին խոսեցին, բոլորը շնորհավորեցին: Կիսվելով իր զգացումների մասին՝ «Փաստի» հետ զրույցում ասաց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը: Այդուհանդերձ, Լ. Թոքմաջյանը կարծում է, որ պետք չէ ԱԺ ընտրություններով ավարտված համարել այն, ինչը սկսվել է ավելի քան 7 ամիս առաջ:

Ծայրահեղությունից խուսափելու հնարավորությունը 

«Ես անընդհատ ժողովրդի մեջ խոսակցություններ եմ լսում, կարծես բոլորն արդեն սպասում են այս հեղափոխության երկրորդ սերիային, այսինքն՝ թե ինչ է լինելու մյուս էտապում: Ժողովուրդն ուզում է իր սոցիալական պայմանների բարելավում, մի քիչ բեռի թեթեւացում՝ թոշակների ավելացման, հարկային բեռի նվազման տեսքով: Հիմա բոլորս սպասում ենք, ես էլ, որպես ժողովրդի մի մասնիկ, հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր խոստումները կկատարի»,–ասաց նա՝ խոսելով նաեւ իր պատկերացրած ընդդիմության մասին:

«Ընդդիմությունն այն չէ, որ եթե ես մի բան եմ ասում՝ դիմացինն էլ հակառակն է ուզում ասել: Ընդդիմությունը պետք է այնքան վեհանձն լինի, որ իր ապրած կյանքով, ստեղծած գործերով, իր քաղաքականությամբ հավատ ներշնչի ժողովրդի մեջ: Տեսեք՝ հիմա 88 մանդատ կա: Այսինքն՝ տեսականորեն ինչ ուզեն, կանցկացնեն: Դա կբերի մի ուրիշ ծայրահեղության, ինչպես սովետմիության ժամանակ էր, երբ մեկը մի բան էր ասում, ու բոլորը համատարած ձեռք էին բարձրացնում: Եվ չկար մեկը, որը կողքից ասեր՝ սպասե՛ք, այդպես չէ: Իսկ այդ հնարավորությունը հիմա կա, կարծում եմ՝ շատ լուրջ ու ճիշտ ընդդիմություն կծնվի: Այն կստեղծվի եւ կստեղծվի բուն աշխատանքային գործընթացի ժամանակ»,–ընդգծեց քանդակագործը:

Կյանքը՝ հին ընթացքով

Խոսելով նախորդ՝ ավելի քան 7 ամիսների բացթողումներից՝ Լեւոն Թոքմաջյանը մատնանշեց կադրային քաղաքականության բացը: «Երկիրը պետք է ղեկավարեն բանիմաց մարդիկ: Կադրեր ընտրելուց չպետք է առաջնորդվեն «հեղափոխության ժամանակ իմ կողքին է եղել», «կուսակցության կողքին է եղել» սկզբունքներով: Հեղափոխությունը ռոմանտիկ տրամադրություն է, եւ այն կապ չունի երկրի ղեկավարման հետ: Բան չունեմ ասելու երիտասարդներին, հեղափոխությունն արեց երիտասարդությունը ու նաեւ պետք է տեր կանգնի այդ ամենին, բայց երիտասարդությունը դեռ փորձ չունի: Թե մեզ որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ երիտասարդությունը կոփվի քաղաքականության, պետական իշխանությունը ղեկավարելու գործի մեջ, կյանքը ցույց կտա, բայց եթե որոշ նախարարություններում մի քիչ վերանայումներ լինեն, բացը կլրացվի»,–շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչպես ինքն է նշում՝ ղեկավարվելով արվեստագետի զգացողությամբ՝ կարող է ասել, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել:

«Ի՞նչ ավարտի մասին է խոսքը, երբ կյանքը դեռ հին ընթացքով է շարժվում, երբ դեռ վերափոխումներ չեն եղել: Իհարկե, եղել են որոշ վերեւափոխումներ, բայց ոչ մեծ առումով... 15–20 օր առաջ մտավորականների խմբին հրավիրեցին Սպիտակ: Ուրեմն՝ 5 տարվա համար նախատեսված փայտե «բարաքներում» մարդիկ ապրում են արդեն 30 տարի: Փայտերը փտել են, առնետներ են մտնում ու դուրս գալիս: Այսքան տարի է անցել, բայց նույն ողորմելի վիճակը պահպանվել է: Հիմա ինչպե՞ս կարող ենք համարել, որ հեղափոխությունն ավարտվել է: Կարծում եմ՝ այն ժառանգությունը, որը ստացավ նոր իշխանությունը, շատ ծանր բեռ է: Դեռ պետք է մաքրազարդել, դեռ պետք է թեթեւացնել: Ես լավ եմ հիշում՝ նախկին իշխանություններն ինչ–որ տեղ որոշել էին, որ այլեւս «աղետի գոտի» չպետք է կոչվի: Բայց, ցավոք, «աղետի գոտին» դեռ գոյություն ունի: Իսկ եթե գոյություն ունի, ուրեմն՝ հեղափոխությունը շարունակվում է»,–ընդգծեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում