Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են ստեղծել տպավորություն, որ ԵԱՏՄ-ն լքելուց և ԵՄ անդամ դառնալուց հետո Հայաստանը տնտեսական դրախտում է հայտնվելու և ստանալու է անվտանգային աննախադեպ երաշխիքներ: Մինչդեռ եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները խոսում են հակառակի մասին: Նրանք բարձրաձայնում են այն մասին, որ նախ՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցելու հարցը մոտ ապագայի հարց չէ, բացի այդ, նրանք ընդգծում են, որ տարածաշրջանում իրենց ռազմավարական գործընկերը Բաքուն է, ոչ թե Երևանը:
Այսպես, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու, որի մեկնարկը նախանշված է դեկտեմբերի 6-ին, հայտարարել է, որ պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։ Շեշտելով, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ Միլլերն ընդգծել է՝ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրաժարվել է պատասխանելուց լրագրողների այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների պարագայում ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կսահմանի։ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այդ հարցին՝ Միշելն ասել է. «Երկու օր առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ալիևի հետ, և նա հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»:
Նույն Միշելը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն կդառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքը Երևանում չցանկացավ պատասխանել գերմանացի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ, կդադարեցնի նավթ և գազ գնել, եթե Հայաստանի վրա հարձակում սկսվի:
Բաքվում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան, ով դրանից օրեր առաջ Երևանում հավատարմության խոստումներ էր շռայլում , հայտարարել էր, որ Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ չեխ պաշտոնյան նաև վստահեցրել է, որ ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելու հարցի քննարկմանը Պրահան չի մասնակցել և չի աջակցել այդ քայլերին։
Մեկ այլ օրինակ: Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։ «Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,- ասել է նա։ Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին՝ Ստանոն ասել է, որ այս առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չի կայացվել։
ՆԱՏՕ-ն ներկայումս չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու հնարավորությունը, իսկ ինքը՝ Երեւանը, կազմակերպությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքից։
Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ալիսա դե Կարբոնելը հայտարարել է, որ Հայաստանին անվտանգության երաշխիքների ընդլայնումը ներկայումս ԵՄ ծրագրերի և պլանների մեջ չի մտնում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը անարդյունավետ կլինի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նա հայտարարել է Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ «ԵՄ շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա»: