ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2018թ. փետրվարին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ այցելության ժամանակ արձանագրել են, որ մեկ տարի առաջ փակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնը:
Քրեակատարողական հիմնարկում կային 5 անչափահասներ՝ 8-րդ և 9-րդ դասարանի կրթությամբ: Արդյունքում անչափահաս դատապարտյալները զրկվել են կրթվելու հնարավորությունից։
Դիտորդները գտնում են, որ պետությունը չի կատարում իր պարտավորությունը ազատազրկման մեջ գտնվող անչափահասների նկատմամբ՝ կրթության իրավունքի ապահովման տեսակետից։
Կրթական կենտրոնի առկայությունը կարևոր է նաև կանանց համար, որոնք հաճախ հայտնվում են անբարենպաստ վիճակում՝ անհրաժեշտ կրթություն ու հմտություններ չունենալու պատճառով: Բացի այդ, կրթության առկայությունը մեծապես նպաստում է անձի ուղղվելուն։
Վերոգրյալի հիման վրա 2018թ. փետրվարի 7-ին թիվ 18-13 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է քայլեր ձեռնարկել «Աբովյան» ՔԿՀ-ի կրթական կենտրոնի վերաբացման ուղղությամբ:
2018թ. փետրվարի 23-ին պատասխան գրությամբ նախարարությունից հայտնել են, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ընթանում են քննարկումներ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ այդ թվում նաև անչափահաս և կին դատապարտյալների կրթության իրավունքի ապահովման և արդյունավետ իրացման խնդրի լուծման նպատակով:
Միաժամանակ, ազատազրկված անձանց կրթության իրավունքի ապահովման և իրացման հարցով ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է ներկայացվել համապատասխան վիճակագրություն կալանավորված անձանց և դատապարտյալների՝ այդ թվում նաև անչափահասների կրթության հանրակրթական մակարդակի (հիմնական, միջնակարգ), նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանի, նախընտրելի վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի և կրթական մակարդակի ուսումնառություն անցնելու պահանջների վերաբերյալ՝ առաջարկ ներկայացնելու նպատակով: