ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Ազատության»՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ կուտակումների հետախուզական տվյալների մասին հարցին, ասաց, որ կուտակումները սահմանին պարբերաբար լինում են. դրա մասին զեկուցվել է։ 

Հարցին, թե այդ կուտակումների դիմաց համապատասխան քայլեր եղե՞լ են մեր կողմից, Տոնոյանն ասաց․ 

«Հակադիր ուժերի, այսինքն՝ մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն կա։ Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի տարբեր տեսակի տեղաշարժումներին։ Այդ ժամանակահատվածում ևս դա գրանցվել է, բայց դա միշտ չէ, որ նշանակում է՝ հարձակում է լինելու»։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է  Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ հետախուզության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանը հետագայում հեռացվել աշխատանքից, Տոնոյանը նշեց, որ ինքը չի կարող մեկնաբանել Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները։ «Նույն ժամանակշրջանում այդ սպան նշանակվել է ռազմական կցորդ Ռուսաստանում, դրանից ավել երևի թե ինչ-որ բան ասել պետք չի»,-ասաց Տոնոյանը։ 

Այդ ժամանակաշրջանում Զինված ուժերում եղած թերացումների մասին հարցին Դավիթ Տոնոյանը հրաժարվեց պատասխանել։