Աթենքի կենտրոնում՝ Կոլոնակի շրջանում, Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ գործարկվել է պայթուցիկ սարք, հայտնում է «Sputnik Հունաստանը»:
Վիրավորվել է ռումբին մոտեցած ոստիկանը: Նախնական տեղեկություններով՝ ոստիկանը թեթեւ վիրավորումներ է ստացել ձեռքերի եւ գլխի հատվածում, նրան տեղափոխել են 401-րդ զինվորական հոսպիտալ:
Հիմա ոստիկանները շրջանը փակել են: Վկաների ցուցմունքների համաձայն՝ պայթյունը գետնին է տապալել կայանված մոտոցիկլետները, պայթյունի ալիքը մի կողմ է նետել աղբամանները:
Newsit պարբերականը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 7:10-ին, եւ ոստիկանից բացի, վիրավորվել է նաեւ եկեղեցու պահակը: Նա է տեսել կասկածելի իրը եւ ոստիկանություն կանչել: Հենց ոստիկանը մոտեցել է` ռումբը պայթել է, հայտնում է պարբերականը:
Ռումբը տեղադրված էր մետաղական արկղի մեջ եկեղեցու մուտքի մոտ: Նախազգուշացմամբ հեռախոսազանգեր չեն եղել, հայտնում է պարբերականը: